2026-ի հունիսին ՀՀ հերթական խորհրդարանական ընտրություններն են: Այսինքն, մեր հասարակությունը արդեն գտնվում է նախընտրական տարվա մեջ: Ինչ է ենթադրում նախընտրական տարվա տրամաբանությունը: Դա հստակ ամփոփվում է մեկ գործողության մեջ, դա հաշվետվության ներկայացումն է: Բոլոր նորմալ երկրներում ընտրությունից-ընտրություն քաղաքական ուժերը, որոնք մեկ ժամկետ եղել են իշխանության ղեկին կամ ներկայացված են եղել օրենսդիր մարմնում, պետք է հանրությանը հաշվետվություն տան իրենց գործունեության մասին, համարձակություն ունենան ներկայացնել ոչ միայն նվաճած արդյունքները, այլև ձախողումներն ու անհաջողությունները, արված և չարված գործերը, նախընտրական ծրագրերի՝ պլատֆորմների իրականացման ավարտական փաստերը: Նորմալ ժողովրդավարական քաղաքական մշակույթը, նորմերն ու կանոնները հրամայաբար սա են պահանջում:
Ինչպե՞ս պետք է կողմնորոշվի բազմաչարչար հայաստանցի ընտրողը 2026թ. հունիսին: Հանուն ինչի՞ և ի՞նչ հիմնավորմամբ է նա կատարելու իր ընտրությունը: Ի դեպ, անկախ պետականության երեք ու կես տասնամյակների ընթացքում ոչ մի քաղաքական իշխանություն այդպես էլ լիարժեք հաշվետվություն չտվեց իր գործունեության համար: Պատասխանստվությունը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այժմ շարունակում է մնալ օդում կախված: Ի՞նչ կապ ունեն ներկա քաղաքական գործընթացները հաշվետվության և պատասխանատվության հետ: Հարցի պատասխանը միանշանակ է՝ ոչ մի կապ: Եվ ցավալին այն է, որ իշխանություն, ընդդիմություն, արտախորհրդարանական ուժեր, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ բոլորը մտել են մի անիմաստ քաղաքական շուրջպարի մեջ, համատարած քաղաքական մի հրմշտոցի մեջ, որի իմաստը միայն սատանան գիտի: Իհարկե, սատանայից բացի, որոշ քաղաքական ճարպիկներ էլ գիտեն, նրանց նպատակները պետք է կռահել և համապատասխան գործելաոճ ընտրել:
Գարիկ Քեռյան